Զբոսաշրջության ազդեցությունը տնտեսական աճի վրա և հեռանկարը
Հոդվածներ
1.ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՎԻՃԱԿԸ
Զբոսաշրջությունը կարևոր գործոն է տնտեսական աճի արագացման և ընդլայման համար:
Զբոսաշրջության ծավալների մեծացումը հնարավորություն է ստեղծում ներգրավել ներդրումներ և խթանել զբաղվածությունը Հայաստանում:
Հայաստանում այցելուների թիվը տարեցտարի ավելանում է, աճում է մասնավոր ու պետական ներդրումները և լայն սպառման առարկաների արտադրությունը: ՀՀ կառավարությունը նպատակահարմար է անցկացնի միջոցառումներ, որոնք ընդլայնում են զբոսաշրջության ծառայությունների առաջարկը, նպաստում են զբաղվածության աճին, հնարավորություն են ստեղծում ներգրավվել ավելի մեծ թվով այցելուներ, մեծացնել իրենց թիվը մարզերում` տեղական տնտեսական զարգացումը ապահովելու համար:
Զբոսաշրջության ոլորտը առանցքային դեր ունի բազմաթիվ երկրներում, իսկ Հայաստանի Հանրապետությունում դրա ներուժը դեռևս լիովին չի օգտագործվում: Այն ունի ներուժ դառնալու Հայաստանի տնտեսական աճի կարևորագույն գործոններից մեկը: Զբոսաշրջության ծառայությունների առաջարկը զգալի ներուժ ունի տնտեսական աճի, զբաղվածության, փոքր և միջին բիզնեսի, մշակույթի զարգացման համար, հատկապես մարզային մակարդակում: Անհրաժեշտ է նշել վիճակագրության դերը համապատասխան տեղեկատվություն տրամադրելու գործում: Հատկապես ծառայությունների տեսակի, որակի, այցելուների քանակի և նրանց գնահատականների մասով:
Կառավարության կողմից իրականացվող մի շարք միջոցառումներ, ինչպիսիք են համազգային տոնակատարությունները, մշակույթային տարեդարձերը, միջազգային ցուցահանդեսների կազմակերպումը նպաստում են տուրիզմի զարգացմանը: Դրան իհարկե նպաստում է նաև գովազդը և լիարժեք տեղեկատվությունը այս կամ այն միջոցառման առավելությունների մասին:
2012թ. սոցիալական փաթեթի ներդրումը խթանեց ներքին զբոսաշրջության զարգացումը: Սա նույնպես դրական անդրադարձավ Հայաստանի զբոսաշրջության ոլորտի զարգացման վրա: Սոցիալական փաթեթը հիմնականում ուղղված է քաղաքացիական և հասարակական աշխատողների հանգիստը կազմակերպելուն: Մինչ այդ Հայաստանում զարգացած էր հիմնականում տուրիստական համակարգը և ենթակառուցվածքները հատկապես Երևանում: Սոցիալական փաթեթը խթանեց մարզերում հյուրանոցների, տուրիստական համակարգերի և ենթակառուցվածքների զարգացումը, որոնց առկայությունը նույնպես հնարավորություն է տալիս արտերկրյա զբոսաշրջիկներին անխնդիր անցկացնել հանգիստը մարզերում:
Հայաստանում ներքին զբոսաշրջությունը 2013թ., սոցիալական փաթեթի ներդրումից հետո մեկ տարում աճել է շուրջ 30 տոկոսով` կազմելով 669,540 մարդ: Աճը բացարձակ թվով կազմել է 154,000, որից 35,000 սոցիալական փաթեթի շահառուներն են:
Տաթևի վերածննդի նախագիծը, որը իրականացվում է 2010թ.-ից պետական և մասնավոր գործընկերության հիմունքներով, էապես բարելավեց զբոսաշրջությունը Սյունիքի մարզում: Այս նախագիծը իրականացնելուց Տաթևի վանքը դարձավ ամենաշատ այցելուներ ունեցող վայրը Երևանից և նրա շրջակայքում գտնվող զբոսաշրջային ուղղությունների հետ միասին: Տաթևի վանքը դարձել է Հայաստանի զբոսաշրջության հիմնական ուղղություններից մեկը: Նախագիծը իր մեջ ներառում է Տաթևի վանքի վերանորոգումը, զբոսաշրջության, տեսարժան վայրերի և հարակից գյուղերում ենթակառուցվածքների զարգացումը և աշխարհի ամենաերկար ճոպանուղու կառուցումը: Բազմաթիվ նվիրատուներ, IDeA հիմադրամի ղեկավարության ներքո, արդեն ֆինանսավորել են նախագծի բյուջեի զգալի մասը:
Տաթևի վերածնունդ նախագծի շրջանակներում ավարտվեց Սվարանց գյուղի խմելու ջրի մատակարարման համակարգի վերականգնումը: Ընդհանուր առմամբ փոխվել է 500 մետրից ավելի վնասված խողովակաշար, և վերականգնվել մշտական ջրամատակարարումը: Տաթև գյուղում տեղադրվեցին աղբամաններ, ինչը զգալիորեն բարելավել է համայնքի աղբահանության վիճակը: Ինչպես Տաթև վանքում, այնպես էլ հարակից գյուղերում տեղադրվել են էներգախնայող լամպերով փողոցային լույսային համակարգեր: Տաթև գյուղում մեկնարկեց տեղական գյուղատնտեսական արտադրանքի ընդունման և փաթեթավորման կետի կառուցումը: Աշխատանքներն իրականացվել են «Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի» (WWF) հայկական մասնաճյուղի հետ միասին` «Տաթև» ազգային պարկի ստեղծման ծրագրի շրջանակներում: Զարգացել է տարածաշրջանի հյուրանոցային համակարգը: Նախագծի ընթացքում ստեղծվել է tatevbnb.am կայքը` նվիրված Տաթևի տարածաշրջանի B&B ծառայություններին, որոնք գրանցվել են Airbnb.com և Booking.com կայքերում:
2018թ. ակտիվորեն սկսել է զարգանալ և բարելավվել նաև Գյումրի քաղաքը: Այս ուղղությամբ 2018թ. գրանցվել է զբոսաշրջիկների աճ ավելի քան 12%: Ներդրումներ են իրականացվում Կումայրի պատմական կենտրոնը վերականգնելու համար: Այս նախագիծը ենթադրում է արվեստի, արհեստների և զվարճանքի կենտրոնների ստեղծում տվյալ պատմական վայրում: Ունենք դրական տեղաշարժ և այդ դրական տեղաշարժը 2-3% չէ: 2017թ. սկզբից զբոսաշրջությունը Գյումրի քաղաքում աճում է տարեկան 10-12%: Տվյալ դինամիկան ցույց է տալիս, որ աճը շարունակական է:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) և Սմիթսոնյան ինստիտուտի համագործակցության շրջանակում Հայաստանում մեկնարկում է նորարական ծրագիր, որը միտված է խթանելու ազգային մշակույթի պահպանումը` երկրում մշակութային զբոսաշրջության զարգացման միջոցով: USAID-ն և Սմիթսոնյան ինստիտուտը աջակցում են Հայաստանում մշակութային տուրիզմի զարգացմանը: Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի զբոսաշրջության ոլորտի զարգացմանը և խթանել տուրիզմը մարզերում: ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող այս քառամյա ծրագրի նպատակն է զարգացնել և ընդլայնել մշակութային զբոսաշրջությունը Հայաստանի մարզերում` հետազոտությունների, գիտական գործունեության, արհեստների սատարման, կարողությունների բարձրացման և տուրիզմի զարգացման հանդեպ ոչ ավանդական մոտեցման կիրառման միջոցով: Վերապատրաստման դասընթացների, ծրագրերի մշակման, համայնքների ներգրավման, փաստագրման և այլ միջոցներով Սմիթսոնյան ծրագրի անձնակազմը կաշխատեն հայաստանյան գործընկերների հետ` մշակութային ժառանգությունը պահպանելու նպատակով նոր ռազմավարություններ մշակելու համար: Ծրագիրը կսատարի Հայաստանի ազգային արվեստը, արհեստները ու երաժշտությունը, կաջակցի երկրի գյուղական համայնքների զարգացմանը, կբարձրացնի Հայաստանի մասին իրազեկությունը միջազգային շուկաներում, ինչպես նաև կօգնի պաշտպանել և զարգացնել Հայաստանի բնական և մշակութային ժառանգությունը:
Խոշոր ենթակառուցվածքների զարգացումները ներառում են Զվարթնոց միջազգային օդանավակայանի արդիականացումը և նոր տերմինալի շինարարությունը, որը ներկայումս ծառայում է 3.5 մլն տարեկան ուղևորի համար: Մինչև վերակառուցումը տերմինալը տարեկան կարող էր սպասարկել տարեկան ընդհամենը 1.6 մլն մարդ:
Միջազգային ապրանքանիշ ունեցող հյուրանոցները էապես ընդլայնել են իրենց ներկայությունը մարզերում: Hyatt and Marriott Ջերմուկում և Ծաղկաձորում, Best Western Դիլիջանում և Սևանում: Վերջին տարիներին իրականացվել են մի շարք էթնիկ և ավանդական բնույթի փառատոններ, ինչպիսիք են «Արենի գինու», «Տոլմայի», «Խորովածի», «Գառների խուզելու» փառատոնը, որոնք մեծացրել են հետաքրքրությունը դեպի մշակույթային և խոհարարական զբոսաշրջությունը:
Վերջին տարիներին նաև ընդլայնվում են տուրիստական տեսակների առաջարկը: Մասնավորապես արկածային զբոսաշրջությունը (Ենոքավանի Yell Park, ռաֆթինգը Լուռու մարզում), էկո և ագրոտուրիզմը գեղատեսիլ և հարմարավետ հայկական գյուղական վայրերում (HyeLandz էկո գյուղ, որը գտնվում է Երևանի և Կոտայքի մարզի մեջտեղում, Կալավան գյուղը Գեղարքունքի մարզում):
Առկա են նաև այլ խոստումնալից ծրագրեր: Նախագծերից մեկը Մայմեխ լեռնադահուկային հանգստավայրի ձևավորումն է, որը գտնվում է Լոռիում Մայմեխ լեռան (Ձիթհանից սար) մոտ: Զբոսաշրջության զարգացման համար գլխավորապես խթան կարող է հանդիսանալ «Մայմեխ ճոպանուղու» վերագործարկումը, որն իր հետ կբերի լեռնադահուկային սպորտի, էկո և վրանային զբոսաշրջության զարգացմանը: Ճոպանուղուն կից 250 տեղանոց սպորտային-տուրիստական բազայի և Մայմեխի լանջին քոթեջների կառուցումը խթան կհանդիսանա հյուրանոցային տուրիզմի զարգացման համար: Հանգստի գոտին գտնվում է Վանաձոր քաղաքից 10 կմ հեռավորության վրա, իսկ Շիրակի միջազգային օդանավակայանից՝ ընդամենը 60 կմ։ Այդ փաստը հետագայում կհեշտացնի զբոսաշրջիկների տարածք հասնելը։ Ծրագիրը նախատեսում է ստեղծել ավելի քան 1500 աշխատատեղ։ Ճոպանուղու ski pass-ը մեկ օրվա համար կլինի 18 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, մինչև 10 տարեկան երեխաները կկարողանան անվճար օգտվել։ Մեկ անգամ ճոպանուղուց օգտվելը կարժենա 1500-2000 դրամ, կգործի ճկուն զեղչային համակարգ։ Պատրաստվում է ստեղծել օրական մինչև 9800 այցելուի պատշաճ ընդունման և բարձրակարգ սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ։
Տնտեսական ակտիվության ցուցանիշի ամենաբարձր աճը գրանցվել է արդյունաբերության և ծառայության ոլորտում: Արդյունաբերության ոլորտում 2019թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա ցուցանիշի համեմատ 6.9% աճ է գրանցել: Այս ցուցանիշը 2018թ. գրանցել էր 3.7%: 2019թ. գրանցվել է ծառայությունների շարունակական աճ` 16.4% առաջին կիսամյակի կտրվածքով համեմատած 2018թ. նույն ցուցանիշի հետ, որը նաև պայմանավորված է զբոսաշրջության զգալի մեծացմամբ: Սա վկայում է Հայաստանի նկատմամբ հետաքրքրության աճի մասին:
2. ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԱՃԻ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ ԵՎ ՀԻՄԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Զբոսաշրջության աճը պայմանավորված է առաջին հերթին ԵԱՏՄ անդամակցությամբ, որը թույլ է տալիս Ռուսաստանի քաղաքացիներին ներքին անձնագրերով այցելել Հայաստան: 2019թ, առաջին կիսամյակում այդ ցուցանիշը աճել է 14.4%: Տրանսֆերտների զգալի մասը` 64%-ը գալիս են Ռուսաստանից: Տվյալ ցուցանիշի վրա ամենամեծ ազդեցության աստիճանը ունի ռուսական ռուբլու փոխարժեքի տատանումները: Անհրաժեշտ է նշել, որ դրամի նկատմամբ ռուբլու փոխարժեքի արժեզրկման պարագայում տեղի է ունենում Ռուսաստանից տուրիստների գնողունակության անկում:
Երևանը մեծ ներուժ ունի լավագույն մասնագիտացված, զարգացած և ակտիվ գբոսաշրջային կենտրոնի ձևավորման համար: Երևանը իր մեջ ներառում է հանրապետության մշակույթային, գիտական, կրթական բազմաթիվ կենտրոններ, առկա են ազգային մշակույթը և խոհանոցը ներկայացնող բազմաթիվ հետաքրքրություն ներկայացնող վայրեր:
Երևանը Հայաստանի հանրապետության գբոսաշրջային շուկայում կարևոր դեր ունի, այն հանդիսանում է գբոսաշրջային կենտրոն: Հայաստան ժամանող զբոսաշրջիկների գերակշիռ մասի համար Երևանը հանդիսանում է զբոսաշրջիկների հիմնական հանգրվանը, որտեղ զբոսաշրջիկների մեծ մասն այցելում է մայիս-հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում: Երևանի անմիջական հարևանության մեջ են նաև Հայաստանի հոգևոր կենտրոն Էջմիածինը, ինչպես նաև Գառնին, Գեղարդը և Ծախկաձորը:
Ներկայացնելով Երևան քաղաքի ռեսուրսային ներուժը, կարելի է ասել, որ այստեղ զբոսաշրջության զարգացման հիմնական ուղղությունը հանդիսանում է պատմամշակութային զբոսաշրջությունը, որի ընթացքում զբոսաշրջիկին հնարավորություն է ընձեռվում ծանոթանալ Երևանի քաղաքային պատմամշակութային ժառանգությանը, տեսարժան վայրերին, ազգային առանձնահատկություններին, յուրօրինակ խոհանոցին:
Քաղաքային զբոսաշրջության համար կարևորվում են նաև տվյալ քաղաքում միջոցառումների անցկացումը: Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանը որդեգրել է մայրաքաղաքում փառատոնային զբոսաշրջությունը զարգացնելու քաղաքականությունը, ինչի արղյունքում զբոսաշրջիկների կայուն աճ է գրանցվում: Ավանդական են դարձել «Համով֊հոտով Երևան», «Երևան ՏԱՐԱԶֆեստ» և «Երևանի Գարեջրի» փառատոնների անկացումը:
Զբոսաշրջային ենթակաոուցվածքների արդիականացման ծրագրերում մասնավոր ներդրողներին ներգրավելու նպատակով մշակվել են ներդրումային փաթեթ-առաջարկներ: Այդ փաթեթները ներառում են «էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի, Շենգավիթ հնավայրի, Կարմիր բլուր հնավայրի վերականգնման և զբոսաշրջային ենթակաոուցվածքների ստեղծման, «Հաղթանակ» զբոսայգու, Հրազդանի կիրճի տարածքների վերակառուցման ու արդիականացման և այլ ծրագրեր: Երևանը որպես առաջատար զբոսաշրջային քաղաք, վերջին տարիներին պարբերաբար հայտնվում է ինչպես ռուսական, այնպես էլ միջազգային պարբերականների և կայքերի հոդվածներում:
Հայաստանի զբոսաշրջիկների համար առավել գրավիչ են հանդիսանում հյուրընկալությունը, սնունդը, բնությունը, մշակութային ժառանգությունը և ծառայությունների որակը: Իսկ ամենաքիչ գրավիչ կողմերն ու բողոքների հիմնական աղբյուրներն են ճանապարհային պայմանները, այցելուների համար նախատեսված ենթակառուցվածքների թերի վիճակը, սանհանգույցների բացակայությունը և վատ վիճակը, տեղեկատվական կենտրոնների և ցուցանակների/վահանակների բացակայությունը, և ընդհանուր առմամբ առատ աղբը և զբոսաշրջության վայրերում, և ճանապարհներին: Օպերատորները նույնպես նշել են չվերթների գների նվազումը և մարդկային ռեսուրսների, կրթության և ուսուցման որակի բարելավումն որպես բարձր առաջնահերթություններ:
Ընդհանուր առմամբ Հայաստանում զբոսաշրջության ոլորտի առավելություններն են.
- Պատմական տեսարժան վայրերը,
- Լեռնադահուկային հանգստի հնարավորությունը,
- Հիմնականում արևոտ և բարենպաստ եղանակը գարնան և աշնան ամիսներին,
- Արկածային և էկոլոգիական, ագրո, խոհարարական զբոսաշրջության հնարավորություններ,
- Նոր վերակառուցված միջազգային պայմաններին համապատասխանող օդանավակայան:
Հայաստանի զբոսաշրջության հիմնախնդիրներն են.
- Ինքնաթիռների տոմսերի համեմատաբար բարձր գները,
- Զվարդնոց օդանավակայանից Երևան ուղևորներին փոխադրման հիմնախնդիրները,
- Տրանսպորտային ենթակառուցվածքների մաշվածությունը և թերզարգացվածությունը և ոչ բավարար հագեցվածությունը,
- Կոմունալ ենթակառուցվածքների անմխիթար վիճակը, հատկապես մարզերում,
- Հայաստանի միջազգային շուկայում ոչ բավարար չափով գովազդումը և ներկայացումը,
- Հնավայրերի վերականգնման հիմնախնդիրը,
- Զբոսայգիների և ազգային պարկերի զարգացման անհրաժեշտությունը,
- Հանրային զուգարանների հիմնախնդրի լուծումը,
- Զբոսաշրջիկներին տրամադրվող անհրաժեշտ տեղեկատվության ոչ բավարար մակարդակ,
3. ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏ
Հայաստանի զբոսաշրջության հիմնական հատկանիշներից մեկն այն է, որ միջազգային այցելությունները գրանցում են զգալի աճ: Տաս տարում գրեթե եռապատկվել է Հայաստան այցելուների քանակը 2009թ-ի 575 հազարից 2018թ. հասնելով մինչև 1652 հազար մարդ: Հաշվի առնելով Հայաստան այցելուների 2019թ. առաջի երեք եռամսկյակների վիճակագրության հիման վրա մենք կանխատեսում ենք որ 2019թ. Հայաստան կայցելեն 1884 հազար մարդ: Հաջորդ տարիների կանխատեսումը նույնպես դրական է և ունի երկնիշ աճի դինամիկա: Նշենք որ զբոսաշրջիկների այցելության ցուցանիշով Հայաստանը վերջին տասնամյակում ամենամեծ աճ գրանցող պետություններից է, յուրաքանչյուր տարի հիմնականում գրանցելով ավելի քան 10% աճ, որը ավելի քան կրկնակի է համաշխարհային միջին զբոսաշրջության աճի տեմպից, որը կազմում է 4%:
Հայաստան ժամանող զբոսաշրջիկների զգալի մասը հայկական արմատներ ունեն: Զբոսաշրջիկների ամենամեծ հոսքը դեպի Հայաստան լինում է Ռուսաստանից, Իրանից և ԱՄՆ-ից: Քիչ չեն զբոսաշրջիկները Գերմանիայից, Ֆրանսիայից և Իտալիայից: Առաջին տասնյակում են նաև Վրաստանը, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան և Կանադան: Ըստ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տվյալների` մեկ զբոսաշրջիկը Հայաստանում անց է կացնում միջինը 17 օր` ծախսելով շուրջ 770 ԱՍՆ դոլար (370 հազար դրամ): Զբոսաշրջության տեսանկյունից Հայաստան այցելելու առավել գրավիչ գործոններ են մշակութային ժառանգությունը, ծառայությունների որակը, հյուրընկալությունը, սնունդը և բնությունը:
Գծապատկեր 1. Հայաստան ժամանողների թվաքանակը և կանխատեսում:
Զբոսաշրջիկների վերջին տարիները աճը հանգեցրեց հյուրանոցների թվի զգալի աճին: 2018թ. սեպտեմբեր ամսվա դրությամբ Երևանում գործում է 300 հյուրանոցային տնտեսության օբյեկտ 15,5% գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: Մայրաքաղաքի հյուրանոցային տնտեսության օբյեկտները ապահովում են 5620 համար և 9580 ննջատեղ: 2018թ. Երևանի հյուրանոցային տնտեսության ոլորտն ավելացել է 1000 համարով: Շուկայում գործում են այնպիսի հյուրանոցային բրենդեր, ինչպիսիք են «Արմենիա Մարիոթ», «Հայաթ Փլեյս Երևան», «Բեստ Վեստերն Կոնգրես», «Ռադիսոն Բլյու», «Դաբլթրի Բայ Հիլթն»,: Իսկ 2018թ. մայրաքաղաքում Սկսեց Գործել «Դը Ալեքսանդր Լաքշրի Քըլեքշն Հոթել” կարգի հյուրանոցը: Առաջիկայում Նախատեսվում Է «Հոլիդեյ Ինն» հյուրանոցի Բացումը:
Ըստ ՄԱԿ-ի ԶՀԿ-ի 2018թ. զեկույցի, որը կազմվել է Հայաստանի վիճակագրության հիման վրա, 2016թ. ամենաշատը Հայաստան զբոսաշրջիկներ ժամանել են ԱՊՀ տարածաշրջանից (64.6%): Դինամիկան ցույց է տալիս, որ այս տարածաշրջանից ժամանումները տարեց տարի ավելանում են, որի պատճառը հանդիսանում է նաև ՀՀ ԵԱՏՄ անդամակցությունը: Հաջորդը ըստ ժամանողների թվի եղել է Իրանը (15,0%), ԱՄՆ (6.4%), Ֆրանսիան (1.5%), Գերմանիա (1.3%):
«Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» (ՁԶՇՄ) ծրագրի կողմից ընդհանուր հարցված այցելուներից հաղորդում են, որ 4.6% այցելել էՎայոց Ձորի, 5.3% այցելել է Սյունիքի և 5.8% այցելել է Արարատի մարզերը, ինչը կազմել է 1088, 1253 և 1372 այցելու: Ինչպես նաև ընդհանուր հարցվածներից հիմնական աղբյուր շուկաներն են Ռուսաստանը (41.6%), Վրաստանը (33,7%), Իրանը (6.6%), Ուկրաինան (2,4%), Գերմանիան (1.6%) և ԱՄՆ (1.4%):
Հայաստան ացի միջին տևողությունը կազմում է 17,4 օր, բայց միջինը տատանվում է 6.2 օր հյուրանոցային ի համեմատ 39 օր վարձակալած բնակարանների, 12.5 օր B&B-ում և 20 օր ընկերների և հարազատների հետ:
4. ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԻՐԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԸ
Ըստ Հայաստանի ազգային զարգացման ռազմավարության 2014-2025թթ., Հայաստանի աշխատատեղերի ստեղծման տեսանկյունից զբոսաշրջությունը 5 գերակա ուղղություններից մեկն է: Այս ռազմավարությունը ընդգծում է որ զբոսաշրջությունը պետք է մեծացնի իր դերը և հասնի արտահանման շուրջ 20%-ին:
Անհրաժեշտ է լուծել մշակույթի և բնության վրա հիմնված զբոսաշրջության հիմնախնդիրները: Բարելավել կամ ձևավորել յուրաքանչյուր կրիտիկական բաղադրիչը:
Անհրաժեշտ է ամրապնդել մշակութային և բնության վրա հիմնված զբոսաշրջության արժեքային շղթան, բարելավել կամ կառուցել ենթակաոուցվածքների յուրաքանչյուր կարևոր արժեքային բաղադրիչը` արտադրանքը և շուկայավարումը, մարդկային ռեսուրսները և ներդրումները: Այս գործողությունները պետք է իրականացվեն տուրօպերատորների, մարզային և քաղաքային մակարդակներում պետական կառավարման գործակալությունների և ներդրողների հետ աշխատանքների միջոցով:
Հայաստանի Հանրապետությունում միջանցքի զբոսաշրջային հնարավորությունները բացահայտելու համար անհրաժեշտ է վերլուծել զբոսաշրջության արժեքային շղթան և կատարել SWOT (ուժեղ ու թույլ կողմեր, հնարավորություններ և սպառնալիքներ) վերլուծություն: Անհրաժեշտ է բացահայտել և զարգացնել հիմնականում Երևանից դուրս գտնվող զբոսաշրջային հանգույցները, որոնք պետք է հագեցված լինեն համապատասխան ենթակառուցվածքներով: Տվյալ հանգույցները հնարավորություն կտան զբոսաշրջիկներին հանգրվանել և բացահայտել Հայաստանի հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները: Անհրաժեշտ է ստեղծել և զարգացնել մարզային և տեղական զբոսաշրջային կազմակերպությունները, ինչպես նաև ինֆորմացիոն կենտրոնները:
Զբոսաշրջության ոլորտի իրական ներուժը գնահատելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ հետազոտությունները.
- Նպատակահարմար է ձևավորել տնտեսաչափական մոդել, որը նաև պատասխան կտա հետևյալ հարցին` ինչքանով է մեկ հավելյալ զբոսաշրջիկը մեծացնում
- զբաղվածությունը,
- ներդրումները,
- ՀՆԱ-ն:
2. Պետք է գնահատել յուրաքանչյուր երկրից ժամանած զբոսաշրջիկների տեսակարար կշիռը, ինչպես նաև որքան գումար են միջինը յուրաքանչյուր պետությունից ժամանած զբոսաշրջիկ վճարում ապրաքների, ծառայությունների և հյուրանոցների համար: Ինչպիսի հյուրանոցներում են մնում և որտեղ են ճանապարհորդում Հայաստանում:
3.Նպատակահարմար է գնահատել ՀՀ ենթակառուցվածքները, ինչքանով են դրանք բավարար զբոսաշրջության զարգացման համար:
4.Անհրաժշտ է ստեղծել Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության ոլորտի SWOT մատրիցան, ինչպես Երևանի, այնպես էլ այլ շրջանների համար: SWOT մատրիցան թույլ կտա հետազոտել և հետագայում բարելավել ՀՀ զբոսաշրջության ուժեղ և թույլ կողմերը:
5.Անհրաժեշտ է գնահատել Հայաստանի զբոսաշրջության առաջարկը և պահանջարկը ինչպես նաև տալ երկուսի կանխատեսումը: Սա հնարավորություն կտա կանխատեսել առկա է արդյոք համապատասխան առաջարկ, բավարար են արդյոք հյուրանոցների քանակը Երևանում և մարզերում: Ձևավորված տնտեսաչափական մոդելի միջոցով գնահատել ինչպես դա կանդրադառնա ներդրումների, զբաղվածության և ՀՆԱ աճի վրա:
Հակոբ Մարտիրոսյան