Հայաստանի Հանրապետության օրենքը
Վերաբերելի օրենսդրություն
Ընդունված է 2016 թվականի դեկտեմբերի 16-ին
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
1. Սույն օրենքը սահմանում է հասարակական կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) իրավական վիճակը, կարգավորում է նրա ստեղծման, կառավարման, գործունեության, վերակազմակերպման եւ լուծարման ընթացքում ծագող հարաբերությունները:
2. Սույն օրենքը չի տարածվում կրոնական կազմակերպությունների, կուսակցությունների, արհեստակցական միությունների, հիմնադրամների, ինչպես նաեւ ոչ առեւտրային կազմակերպությունների` օրենքով նախատեսված այլ ձեւերի վրա:
ՀՈԴՎԱԾ 2. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
1. Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` ֆիզիկական անձ) եւ (կամ) իրավաբանական անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առեւտրային կազմակերպության կարգավիճակ:
2. Կազմակերպությունը կարող է լինել առանց անդամության սահմանափակման կամ սահմանափակ անդամությամբ:
3. Կազմակերպությունը, սույն օրենքին համապատասխան, ինքնուրույն է որոշում իր կազմակերպական կառուցվածքը, գործունեության առարկան, նպատակները եւ ձեւերը:
ՀՈԴՎԱԾ 3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
1. Կազմակերպությունն իրականացնում է իր կանոնադրական նպատակներից բխող գործունեություն: Կազմակերպության գործունեության նպատակները սահմանվում են նրա կանոնադրությամբ:
2. Արգելվում է Կազմակերպության կանոնադրությամբ գործունեության այնպիսի նպատակների սահմանումը, որոնք համարվում են այլ հասարակական միավորման առանձնահատկություններով պայմանավորված օրենքով ուղղակիորեն նախատեսված իրավունք:
ՀՈԴՎԱԾ 4. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
1. Կազմակերպության գործունեության սկզբունքներն են`
1) օրինականությունը.
2) խտրականության բացառումը.
3) բարեխղճությունը.
4) անդամների շահերի ընդհանրությունը.
5) անդամության կամավորությունը.
6) ինքնակառավարումը.
7) հաշվետվողականությունը:
ՀՈԴՎԱԾ 5. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ
1. Կազմակերպության անդամներն են Կազմակերպության պետական գրանցումից հետո Կազմակերպությանն անդամագրված անձինք:
2. Անձը կարող է այդ Կազմակերպության անդամ դառնալ իր դիմումի հիման վրա` սույն հոդվածով եւ Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով: Կազմակերպության հիմնադիրները Կազմակերպության պետական գրանցումից հետո օրենքի ուժով համարվում են Կազմակերպության անդամներ:
3. Մինչեւ տասնչորս տարեկան անձը Կազմակերպության անդամ կարող է դառնալ իր ցանկությամբ` օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա:
4. Տասնչորսից մինչեւ տասնութ տարեկան անձը, եթե օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ չի ճանաչված, Կազմակերպության անդամ կարող է դառնալ իր դիմումի հիման վրա` օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ:
5. Կազմակերպության անդամը կարող է ցանկացած ժամանակ դուրս գալ Կազմակերպությունից:
6. Կազմակերպության անդամը կարող է Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով հեռացվել Կազմակերպությունից:
7. Կազմակերպության անդամները պատասխանատու չեն Կազմակերպության պարտավորությունների համար, իսկ Կազմակերպությունը պատասխանատու չէ իր անդամների պարտավորությունների համար:
ՀՈԴՎԱԾ 6. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ, ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ
1. Կազմակերպությունն ունի իր անվանումը, կարող է ունենալ նաեւ կրճատ անվանում (անվանման հապավում) եւ խորհրդանիշներ:
2. Կազմակերպության անվանումը պետք է հայերենով պարունակի տարբերակող նշանակության հատուկ կամ հասարակ անուն, ինչպես նաեւ “հասարակական կազմակերպություն” բառերը:
3. Կազմակերպությունը կարող է ունենալ նաեւ օտար լեզվով անվանում:
4. Եթե օրենքով նախատեսված է բառեր եւ անվանումներ օգտագործելու համար արտոնագրի, թույլտվության կամ այլ հիմքերի առկայություն, ապա Կազմակերպության անվանումը կամ կրճատ անվանումը (անվանման հապավումը) կարող է այդպիսի բառեր եւ անվանումներ պարունակել արտոնագրի, թույլտվության կամ այլ հիմքերի առկայության դեպքում:
5. Արգելվում է կազմակերպության այնպիսի անվանման, կրճատ անվանման (անվանման հապավումը) կամ խորհրդանիշի օգտագործում, որը նույնական է այլ հասարակական կազմակերպության, ներառյալ` գրանցմանը նախորդող վերջին մեկ տարվա ընթացքում լուծարված իրավաբանական անձանց անվանումներին, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներին եւ խորհրդանիշներին:
6. Արգելվում է Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության խորհրդանիշների օգտագործումը որպես Կազմակերպության խորհրդանիշ կամ խորհրդանիշի մաս:
7. Կազմակերպության անվանումն այլ անձի կողմից ապօրինի օգտագործելու, այդ թվում` Կազմակերպության անվանմամբ իրավունքներ եւ պարտականություններ ձեռք բերելու դեպքերում Կազմակերպությունն իր իրավունքները կարող է պաշտպանել դատական կարգով:
8. Կազմակերպության գտնվելու վայրը իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում օրենքով սահմանված կարգով գրանցված` Կազմակերպության գտնվելու վայրն է:
9. (9-րդ մասն ուժը կորցրել է 16.01.18 ՀՕ-87-Ն օրենք)
(6-րդ հոդվածը փոփ. 16.01.18 ՀՕ-87-Ն օրենք)
ՀՈԴՎԱԾ 7. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ
1. Կազմակերպությունը` որպես սեփականություն, ունի առանձնացված գույք եւ իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:
2. Կազմակերպության գույքը, այդ թվում` ձեռնարկատիրական գործունեությունից ստացված շահույթը նրա անդամների միջեւ չի բաշխվում:
3. Կազմակերպության գույքի ձեւավորման աղբյուր կարող են լինել`
1) Կազմակերպության անդամների ներդրումները.
2) Կազմակերպության անդամների վճարումները (անդամավճարները).
3) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.
4) իր ստեղծած կամ իր մասնակցությամբ այլ կազմակերպությունից ստացված միջոցները.
5) դրամական մուտքերը պետական բյուջեից.
6) նվիրաբերությունները, այդ թվում` դրամաշնորհները.
7) հանգանակությունները.
8) օրենքով չարգելված այլ միջոցներ:
ՀՈԴՎԱԾ 8. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
1. Կազմակերպությունն իրավունք ունի իր կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան իրականացնելու ձեռնարկատիրական գործունեություն, այդ նպատակով տնօրինելու իր գույքը եւ գործունեության արդյունքները, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով ստեղծելու առեւտրային կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակից:
2. Կազմակերպությունը վարում է ձեռնարկատիրական գործունեության առանձնացված հաշվառում` դրա վերաբերյալ տեղեկությունները ներառելով օրենքով նախատեսված հաշվետվություններում:
3. Կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված շահույթը օգտագործվում է միայն կազմակերպության կանոնադրական նպատակների ուղղությամբ:
ՀՈԴՎԱԾ 9. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
1. Պետությունն օրենքով սահմանված կարգով ապահովում է կազմակերպության իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը:
2. Պետությունը կազմակերպություններին օգնություն եւ աջակցություն է ցուցաբերում օրենքով եւ իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում ու կարգով:
3. Կազմակերպությունը իր կամ պետական մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ կարող է պայմանագրային կամ փոխադարձ համաձայնության այլ ձեւով ամբողջությամբ իրականացնել կամ մասնակցել պետական մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների սոցիալական, առողջապահական, կրթական, դաստիարակչական, մշակութային, մարզական ծրագրերին եւ այլ միջոցառումների:
4. Պետական մարմիններին եւ տեղական ինքնակառավարման մարմիններին եւ նրանց պաշտոնատար անձանց արգելվում է միջամտել կամ խոչընդոտել Կազմակերպության օրինական գործունեությանը:
ԳԼՈՒԽ 2
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ
ՀՈԴՎԱԾ 10. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ
1. Կազմակերպությունը կարող է ստեղծվել նոր Կազմակերպության հիմնադրման կամ օրենքով սահմանված կարգով` գոյություն ունեցող իրավաբանական անձի վերակազմակերպման միջոցով:
2. Կազմակերպության ստեղծումը հիմնադրման միջոցով իրականացվում է նրա հիմնադիր ժողովի որոշմամբ:
3. Կազմակերպություն կարող է հիմնադրել առնվազն երկու անձ` ֆիզիկական անձ եւ (կամ) իրավաբանական անձ:
4. Կազմակերպություն չեն կարող հիմնադրել կամ դրա անդամ չեն կարող լինել կուսակցությունները, կրոնական կազմակերպությունները, արհեստակցական միությունները, ինչպես նաեւ օրենքով Կազմակերպություն հիմնելու կամ նրա անդամ դառնալու իրավասություն չունեցող իրավաբանական անձինք:
5. Կազմակերպությունը ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:
6. Կազմակերպությունը ստեղծված է համարվում առանց ժամկետի սահմանափակման (անժամկետ), եթե նրա կանոնադրությամբ գործունեության ժամկետի սահմանափակում նախատեսված չէ:
ՀՈԴՎԱԾ 11. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
1. Կազմակերպություն հիմնադրել ցանկացող անձինք միմյանց հետ կարող են կնքել Կազմակերպություն ստեղծելու մասին գրավոր պայմանագիր, որը պարունակում է`
1) տեղեկություններ Կազմակերպություն հիմնադրող անձանց մասին (ֆիզիկական անձանց դեպքում` անձը հաստատող փաստաթղթի տվյալները, բնակության վայրի կամ հաշվառման հասցեն, իսկ իրավաբանական անձի դեպքում` պետությունը, որտեղ հիմնադրվել է, լրիվ անվանումը (ֆիրմային անվանումը), պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրի հասցեն, (այսուհետ` նույնականացնող տվյալներ).
2) մինչեւ Կազմակերպության պետական գրանցումը հիմնադրող անձանց գործողությունների իրականացման կարգը.
3) Կազմակերպություն հիմնադրող անձանց իրավունքները եւ պարտականությունները.
4) Կազմակերպությանը` հիմնադրող անձանց կողմից գույք հանձնելու պայմանները, եթե գույքի հանձնում նախատեսվում է.
5) Կազմակերպության հիմնադիր ժողով գումարելու կարգը:
2. Եթե Կազմակերպություն հիմնադրել ցանկացող ֆիզիկական անձը`
1) մինչեւ տասնչորս տարեկան է, ապա պայմանագիրը նրա անունից կնքում է նրա օրինական ներկայացուցիչը.
2) տասնչորսից մինչեւ տասնութ տարեկան է եւ օրենքով սահմանված կարգով
լրիվ գործունակ ճանաչված չէ, ապա պայմանագիրը կնքվում է իր օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ:
ՀՈԴՎԱԾ 12. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ԺՈՂՈՎԸ
1. Հիմնադիր ժողովին մասնակցելու իրավունք ունեն Կազմակերպությունը հիմնադրողները (նրանց օրինական ներկայացուցիչները), ինչպես նաեւ Կազմակերպություն ստեղծելու մասին պայմանագրով նախատեսված անձինք:
2. Եթե Կազմակերպություն հիմնադրող անձինք կնքել են պայմանագիր, ապա հիմնադիր ժողովը գումարվում է Կազմակերպություն ստեղծելու մասին պայմանագրով սահմանված կարգով եւ ժամկետում` ժողովի մասնակիցների համատեղ հավաքի ձեւով կամ հեռակա կարգով` հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ:
3. Հիմնադիր ժողովը`
1) ընդունում է որոշում Կազմակերպության հիմնադրման մասին.
2) հաստատում է Կազմակերպության կանոնադրությունը.
3) ընտրում (նշանակում) է Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարին կամ Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին.
4) կազմավորում (ընտրում) է Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ մարմիններ:
4. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված որոշումն ընդունվում է միաձայն, 2-րդ կետով սահմանված հարցով որոշումն ընդունվում է մասնակիցների ձայների երկու երրորդով, իսկ մյուս որոշումները` ձայների պարզ մեծամասնությամբ:
5. Հիմնադիր ժողովի արձանագրությունը պետք է պարունակի հետեւյալ տեղեկությունները.
1) ժողովի գումարման կամ կազմակերպման օրը եւ վայրը.
2) ժողովին մասնակցելու իրավունք ունեցող եւ ժողովին մասնակցած անձանց անունները, ազգանունները, իսկ մասնակիցների թիվը տասից ավելի լինելու դեպքում` միայն ժողովին մասնակցելու իրավունք ունեցող եւ ժողովին մասնակցած անձանց քանակը.
3) ժողովի օրակարգը.
4) քվեարկության դրված հարցերը, քվեարկության արդյունքները, ընդունված որոշումները.
5) հիմնադիր իրավաբանական անձի անվանումը եւ գրանցման համարը:
6. Հիմնադիր ժողովի արձանագրությունը ստորագրում են ժողովի նախագահողը եւ քարտուղարը:
(12-րդ հոդվածը փոփ. 16.01.18 ՀՕ-87-Ն օրենք)
ՀՈԴՎԱԾ 13. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Կազմակերպության հիմնադիր փաստաթուղթը կանոնադրությունն է, որտեղ ամրագրվում են Կազմակերպության`
1) անվանումը եւ կրճատ անվանումը.
2) գտնվելու վայրը.
3) գործունեության առարկան եւ նպատակները.
4) բարձրագույն մարմինը` ժողով, համաժողով, վեհաժողով, համագումար եւ այլն (այսուհետ` Ժողով), Ժողով գումարելու կարգը, ժամկետները եւ լիազորությունները, որոշումներ ընդունելու կարգը.
5) գործադիր մարմինը (նախագահը, կառավարիչը, տնօրենը եւ այլն) եւ մարմնի լիազորությունները.
6) կառավարման այլ մարմնի առկայության դեպքում մարմին ձեւավորելու կարգը, մարմնի լիազորությունները, լիազորությունների ժամկետները եւ որոշումներ ընդունելու կարգը.
7) գործադիր մարմնից բացի, այն մարմինը, որն իրավասու է առանց լիազորագրի ներկայացնել Կազմակերպությունը, ինչպես նաեւ մարմնի ընտրության (նշանակման) կարգը եւ լիազորությունները.
8) անդամներին առաջադրվող պահանջները եւ անդամ դառնալու կարգը, ինչպես նաեւ Կազմակերպությունից անդամների դուրս գալու կարգը.
9) Կազմակերպության շահառուները, եթե այդպիսիք առկա են.
10) անդամների իրավունքները եւ պարտականությունները.
11) անչափահաս անդամների իրավունքների կամ պարտականությունների առանձնահատկությունները, եթե նախատեսված է անչափահաս անձի անդամություն.
12) անդամին Կազմակերպությունից հեռացնելու դեպքերն ու կարգը.
13) գույքը տնօրինելու եւ կառավարելու կարգը.
14) Ժողով հաշվետվություններ ներկայացնելու եւ հաստատելու կարգն ու ժամկետները.
15) այն մարմինը, որն իրավասու է սահմանելու անդամավճարի չափը եւ դրա գանձումը կազմակերպելու կարգը (եթե կանոնադրությամբ նախատեսված է անդամավճարի գանձում).
16) գործունեությունը վերահսկելու կարգը (եթե կանոնադրությամբ նախատեսված է վերստուգող մարմին).
17) կանոնադրության մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու կարգը.
18) գործունեության ժամկետը, եթե Կազմակերպությունը ստեղծվել է որոշակի ժամկետով:
2. Կազմակերպության կանոնադրությամբ կարող են նաեւ նախատեսվել`
1) նրա բոլոր անդամների կամ կանոնադրությամբ սահմանված կարգով որոշված համամասնությամբ` անդամներից ընտրված պատվիրակների մասնակցությունը Ժողովին,
2) Ժողովի օրակարգի, նրա աշխատանքն սկսելու վայրի եւ ժամանակի մասին մասնակիցներին ծանուցելու եղանակները եւ ժամկետները.
3) անդամների առավելագույն քանակական կամ որակական պահանջներ.
4) գործունեության կազմակերպմանն առնչվող` օրենքին չհակասող այլ դրույթներ:
3. Կազմակերպության կանոնադրությունը, ինչպես նաեւ դրանում փոփոխությունները եւ (կամ) լրացումները կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունն ուժի մեջ են մտնում պետական գրանցման պահից: Կազմակերպության կանոնադրության պետական գրանցում ստացած փոփոխությունները եւ լրացումներն այդ կանոնադրության անբաժանելի մասն են:
4. Պետական գրանցումից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, Կազմակերպության կանոնադրությունը եւ դրա փոփոխությունները հասանելի են դառնում Գործակալության պաշտոնական ինտերնետային կայքում:
5. Կազմակերպության կանոնադրության եւ կառավարման մարմինների իրավական ակտերի միջեւ հակասության դեպքում գործում է կանոնադրությունը:
6. (6-րդ մասն ուժը կորցրել է 16.01.18 ՀՕ-87-Ն օրենք)
(13-րդ հոդվածը փոփ. 16.01.18 ՀՕ-87-Ն օրենք)
ՀՈԴՎԱԾ 14. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ
1. Կազմակերպության պետական գրանցումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով` հիմք ընդունելով սույն օրենքով սահմանված առանձնահատկությունները:
2. Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնելուց հետո` ոչ ուշ, քան տասն աշխատանքային օրվա ընթացքում, գործակալությունը պարտավոր է կատարել Կազմակերպության պետական գրանցումը կամ մերժել պետական գրանցումը:
3. Եթե անձը փաստաթղթերը գործակալություն ներկայացնելիս օգտվում է փաստաթղթերի նմուշային ձեւերից, ապա գրանցումն իրականացվում է երկու աշխատանքային օրվա ընթացքում:
(14-րդ հոդվածը փոփ. 16.01.18 ՀՕ-87-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 3
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 15. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Կազմակերպության անդամն իրավունք ունի`
1) Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով ընտրելու եւ ընտրվելու Կազմակերպության կառավարման կամ վերահսկողություն իրականացնող մարմիններում.
2) ներկա լինելու Ժողովին անձամբ, իսկ իրավաբանական անձի դեպքում` նաեւ լիազորված անձի միջոցով կամ Կազմակերպության կոլեգիալ կառավարման այլ մարմինների նիստերին.
3) Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով օգտվելու նրա ծառայություններից.
4) ծանոթանալու Կազմակերպության մարմինների արձանագրություններին, ստանալ նրանց ընդունած որոշումների պատճենները.
5) Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված կամ դատական կարգով բողոքարկելու Կազմակերպության մարմինների որոշումները.
6) Կազմակերպությունից պահանջելու տեղեկություններ, ստանալու փաստաթղթերի պատճեններ` Կազմակերպության կանոնադրության փոփոխությունների, մարմինների արձանագրությունների, որոշումների, գույքի կառավարումից ստացված դրամական միջոցների վերաբերյալ, ինչպես նաեւ ստանալու նրա ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացրած անկախ աուդիտորի եզրակացության պատճենը, որոնք վերաբերում են վերջին երեք տարիներին.
7) իրականացնելու օրենքով կամ Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներ:
2. Կազմակերպության անդամը պարտավոր է`
1) կատարել Կազմակերպության կանոնադրական պահանջները եւ կառավարման մարմինների որոշումները.
2) բարեխղճորեն կատարել կառավարման մարմինների որոշմամբ իր վրա դրված պարտականությունները.
3) վճարել անդամավճար, եթե կանոնադրությամբ սահմանված է:
ՀՈԴՎԱԾ 16. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
1. Կազմակերպությունն իր կանոնադրության նպատակներին համապատասխան իրավունք ունի`
1) իր անունից ձեռք բերելու եւ իրականացնելու գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող.
2) բացելու բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետությունների բանկերում` Հայաստանի Հանրապետության դրամով եւ (կամ) արտարժույթով.
3) ստեղծելու այլ կազմակերպություն կամ լինելու նրա մասնակից.
4) ստեղծելու առանձնացված ստորաբաժանումներ կամ հիմնարկներ.
5) տեղեկատվություն տարածելու իր գործունեության մասին.
6) կազմակերպելու եւ անցկացնելու խաղաղ, առանց զենքի հավաքներ.
7) օրենքով սահմանված կարգով ներկայացնելու ու պաշտպանելու իր եւ իր անդամների, շահառուների եւ կամավորների իրավունքներն ու օրինական շահերն այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում.
8) համագործակցելու այլ կազմակերպությունների, այդ թվում` միջազգային կամ օտարերկրյա կազմակերպությունների հետ, ինչպես նաեւ համակարգված գործունեություն ծավալելու, ընդհանուր շահեր ներկայացնելու եւ պաշտպանելու նպատակով այդ կազմակերպությունների հետ ստեղծելու Կազմակերպություն կամ անդամակցելու նրանց ստեղծած Կազմակերպությանը` պահպանելով իր ինքնուրույնությունը եւ իրավաբանական անձի կարգավիճակը.
9) կատարելու օրենքով չարգելված այլ գործողություն:
2. Կազմակերպությունն իր շահառուների օրինական շահերը դատարանում ներկայացնում է հետեւյալ ոլորտներում.
1) շրջակա միջավայրի պահպանություն.
2) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն:
3. Կազմակերպությունը սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված ոլորտից բխող հարցերով կարող է հայց ներկայացնել, եթե`
1) հայցադիմումը բխում է Կազմակերպության կանոնադրական նպատակներից եւ խնդիրներից եւ ուղղված է Կազմակերպության շահառուների` Կազմակերպության կանոնադրային նպատակների հետ կապված կոլեկտիվ շահերի պաշտպանությանը.
2) “Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի շրջանակներում մասնակցել է հիմնադրութային փաստաթղթերի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային քննարկումներին, կամ հանրային քննարկումներին մասնակցելու հնարավորություն չի տրվել, եւ
3) հայց ներկայացնելու պահին նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեություն է ծավալել սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված ոլորտում:
(16-րդ հոդվածը փոփ. 05.05.2021 ՀՕ-198-Ն օրենք)
(16-րդ հոդվածը փոփ` 12.10.2023 թվականից` 14.06.2023 ՀՕ-208-Ն օրենք)
ՀՈԴՎԱԾ 17. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԵՎ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ
1. Կազմակերպությունը կարող է իր նպատակներին համապատասխան` ունենալ շահառուներ, ինչպես նաեւ իր աշխատանքներում ներգրավել կամավորների:
2. Կազմակերպության շահառուներն են նրա կանոնադրությամբ նախատեսված անձինք կամ անձանց խմբերը, ի շահ որոնց իրականացվում է Կազմակերպության գործունեությունը: Կազմակերպության կողմից կամավորներ ներգրավելու իրավահարաբերությունների նկատմամբ կիրառվում են “Բարեգործության մասին” Հայաստանի Հանրապետության օրենքը եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը այնքանով, որքանով այդ կարգավորումները չեն հակասում սույն օրենքին:
3. Եթե կամավորի աշխատանքի տեւողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը, ապա Կազմակերպությունը կամավորների հետ կնքում է կամավոր աշխատանքի մասին պայմանագիր:
4. Կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը համաձայնություն է կամավորի եւ Կազմակերպության միջեւ, որի հիման վրա կամավորն իր կամքով, առանց վարձատրության եւ որոշակի ժամկետով իրականացնում է կամավոր աշխատանք, իսկ Կազմակերպությունն ապահովում է կամավոր աշխատանքի իրականացման համար անհրաժեշտ, անվտանգ եւ առողջության համար անվնաս պայմաններ:
5. Կամավոր աշխատանքի մասին պայմանագրում նշվում են`
1) պայմանագիրը կնքելու տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը.
2) Կազմակերպության անվանումը.
3) Կազմակերպության անունից պայմանագիրն ստորագրող անձի պաշտոնը, անունը, ազգանունը.
4) կամավորի անունը, ազգանունը, նրա ցանկությամբ` նաեւ հայրանունը.
5) կամավոր աշխատանքի նկարագիրը եւ աշխատանքային գործառույթները, իրականացման կարգը եւ պայմանները.
6) Կազմակերպության եւ կամավորի իրավունքները եւ պարտականությունները.
7) աշխատաժամանակի ռեժիմը.
8) պայմանագրի գործողության ժամկետը:
Կամավոր աշխատանքի մասին պայմանագրում կարող են ներառվել նաեւ կամավոր աշխատանքի վերաբերյալ այլ պայմաններ:
6. Կազմակերպությունը կամավորին հատուցում է տրամադրում կամավոր աշխատանքի իրականացման արդյունքում վերջինիս կողմից փաստացի կատարված ծախսերի դիմաց:
7. Արգելվում է կամավորներին ներգրավել Կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության մեջ:
8. Կամավոր աշխատանքի հետ կապված վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(17-րդ հոդվածը փոփ` 12.10.2023 թվականից` 14.06.2023 ՀՕ-208-Ն օրենք)
ՀՈԴՎԱԾ 18. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Կազմակերպությունը պարտավոր է`
1) վարել իր անդամների եւ կամավորների հաշվառումը.
2) սույն օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված դեպքում ենթարկվել պարտադիր աուդիտի.
3) պաշտոնական կայքի առկայության դեպքում հասցեի վերաբերյալ ծանուցել Գործակալությանը.
4) սույն օրենքի պահանջների կատարումը ստուգելու համար Պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Լիազոր մարմին) պատճառաբանված պահանջով ողջամիտ ժամկետում նրան տրամադրել իր կառավարման մարմինների որոշումների պատճենները կամ գործունեության մասին այլ փաստաթղթեր.
5) Կազմակերպության անդամի պահանջով ոչ ավելի, քան պահանջի ստացման օրվանից հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, նրան հնարավորություն տալ ծանոթանալու Կազմակերպության կանոնադրությանը, հիմնադիր այլ փաստաթղթերի, ժողովի որոշումներին կամ տրամադրել դիմողին թղթային կամ էլեկտրոնային եղանակով` պահանջի ստացման օրվանից հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կետում նշված տեղեկությունները, փաստաթղթերը տրամադրելու համար կարող է գանձվել վճար, որը չի կարող գերազանցել դրանք տրամադրելու համար կատարված ծախսերը:
6) Կազմակերպության կանոնադրության փոփոխությունների, ինչպես նաեւ վերակազմակերպման կամ լուծարման դեպքերում` օրենքով սահմանված կարգով դիմել Գործակալություն.
7) իր գործունեության եւ գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունները ներկայացնել Կազմակերպության գործադիր մարմնի հաստատմանը` ապահովելով այդ հաշվետվությունների հրապարակայնությունը.
8) կատարել օրենքով սահմանված այլ պարտականություններ:
2. Կազմակերպության մարմինները նրա անունից հանդես գալիս պետք է գործեն բարեխղճորեն եւ ողջամտորեն` ի շահ Կազմակերպության:
(18-րդ հոդվածը փոփ. 25.03.2020 ՀՕ-173-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 4
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 19. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
1. Կազմակերպության կառավարման մարմիններն են Ժողովը եւ գործադիր մարմինը:
2. Կազմակերպության կանոնադրությամբ կարող են նախատեսվել նաեւ կառավարման այլ մարմիններ, այդ թվում` կոլեգիալ կառավարման մարմին, վերստուգող մարմին, որոնց լիազորությունների ժամկետները սահմանվում են օրենքով կամ Կազմակերպության կանոնադրությամբ:
3. Օրենքով կամ Կազմակերպության կանոնադրությամբ գործադիր մարմնին վերապահված լիազորությունները կարող է իրականացնել Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այն մարմինը, որն իրավասու է առանց լիազորագրի ներկայացնելու Կազմակերպությունը:
4. Կազմակերպության անդամը, որն ընդգրկված է նրա մշտապես գործող մարմիններում, չի կարող միաժամանակ ընտրվել վերստուգող մարմնում:
ՀՈԴՎԱԾ 20. ԺՈՂՈՎԻ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Հերթական ժողովները գումարվում են Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված պարբերականությամբ, սակայն ոչ պակաս, քան հինգ տարին մեկ անգամ:
2. Ժողովն իրավազոր է, եթե գումարվել է սույն օրենքին եւ Կազմակերպության կանոնադրությանը համապատասխան, եւ Ժողովին մասնակցում է Կազմակերպության բոլոր անդամների կամ բոլոր պատվիրակների ընդհանուր թվի կեսից ավելին, եթե Կազմակերպության կանոնադրությամբ մասնակիցների ավելի մեծ քանակ նախատեսված չէ:
3. Ժողովի օրակարգի, նրա աշխատանքի ժամանակի եւ վայրի մասին մասնակիցները պետք է ծանուցվեն պատվիրված նամակով կամ Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ եղանակով` կանոնադրությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան Ժողովի անցկացման օրվանից հինգ օր առաջ` հավաստելով հասցեատիրոջ կողմից ծանուցումը ստանալու փաստը:
4. Եթե այլ բան նախատեսված չէ Կանոնադրությամբ, ապա արտահերթ Ժողով գումարվում է`
1) գործադիր մարմնի նախաձեռնությամբ.
2) Կազմակերպության անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ.
3) վերստուգող մարմնի նախաձեռնությամբ, եթե Կազմակերպության կանոնադրությամբ վերստուգող մարմնի կազմավորում նախատեսված է:
5. Կազմակերպության արտահերթ ժողովը գումարվում է սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված նախաձեռնությունից ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, եթե կանոնադրությամբ այլ ժամկետ նախատեսված չէ:
6. Հերթական կամ արտահերթ ժողով գումարվում է դրա մասնակիցների համատեղ հավաքի ձեւով կամ հեռակա կարգով` հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ:
7. Արտահերթ ժողով գումարելու ժամանակի եւ վայրի մասին ժողովի մասնակիցները ծանուցվում են Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան արտահերթ ժողով անցկացնելու օրվանից հինգ օր առաջ:
8. Ժողովի արձանագրությունն ստորագրում են ժողովի նախագահողը (նիստերը վարողը) եւ քարտուղարը:
9. Ժողովի արձանագրությունները պահպանվում են Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված ժամկետում, որը չի կարող հինգ տարուց պակաս լինել:
ՀՈԴՎԱԾ 21. ԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
1. Ժողովն ունի Կազմակերպության գործունեությանն առնչվող ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում կայացնելու իրավունք:
2. Ժողովն իրավասու է`
1) կատարելու Կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կամ լրացումներ կամ նոր խմբագրությամբ հաստատելու կանոնադրությունը.
2) ստեղծելու այլ իրավաբանական անձ, որոշումներ ընդունելու այլ կազմակերպությունում Կազմակերպության մասնակցության մասին.
3) որոշումներ ընդունելու Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումներ կամ հիմնարկներ ստեղծելու եւ դրանց կանոնադրությունները հաստատելու մասին.
4) հաստատելու Կազմակերպության կառուցվածքը.
5) ընտրելու Կազմակերպության գործադիր մարմին.
6) որոշումներ ընդունելու Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված մարմինների կազմավորման, ընտրության (նշանակման) կամ նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու (զբաղեցրած պաշտոնից ազատելու) մասին.
7) կազմակերպության գործադիր մարմնի վարձատրություն նախատեսված լինելու դեպքում սահմանելու վարձատրության կարգը եւ պայմանները.
8) ընտրելու Կազմակերպության աուդիտն իրականացնող անձին (աուդիտորին), եթե սույն օրենքի 26-րդ հոդվածի համաձայն` Կազմակերպությունը ենթակա է պարտադիր աուդիտի.
9) հաստատելու Կազմակերպության ռազմավարությունը, եթե Կազմակերպությունը նախատեսում է ունենալ ռազմավարություն.
10) առնվազն հինգ տարին մեկ հաստատելու գործադիր մարմնի կողմից Ժողովի գումարմանը նախորդող տարիների ընթացքում հաստատված Կազմակերպության գործունեության եւ գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունները.
11) դադարեցնելու Կազմակերպության մարմինների իրավական ակտերի պահանջներին եւ կանոնադրությանը հակասող որոշումների գործողությունը.
12) ընդունելու որոշում Կազմակերպության վերակազմակերպման մասին.
13) ընդունելու որոշում Կազմակերպությունը լուծարելու մասին, բացառությամբ դատարանի վճռով լուծարվելու դեպքերի.
14) իրականացնելու օրենքով կամ Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
3. Ժողովի` սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորությունները, բացառությամբ 1-ին, 2-րդ, 4-րդ, 11-12-րդ կետերով սահմանվածների, կարող են Կազմակերպության կանոնադրությամբ կամ Ժողովի որոշմամբ փոխանցվել կանոնադրությամբ նախատեսված կոլեգիալ կառավարման այլ մարմնի:
(21-րդ հոդվածը փոփ. 16.01.18 ՀՕ-87-Ն օրենք)
ՀՈԴՎԱԾ 22. ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
1. Ժողովի որոշումներն ընդունվում են Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով:
2. Եթե Ժողովում քննարկվում է Ժողովի որեւէ մասնակցի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր եւ քույր) գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա Ժողովի տվյալ մասնակիցը քվեարկությանը չի մասնակցում:
3. Ժողովի որոշումը, որն ընդունվել է օրենքի կամ Կազմակերպության կանոնադրության խախտմամբ կամ ոտնահարել է Կազմակերպության կամ նրա մասնակցի (անդամի) իրավունքներն ու օրինական շահերը, կարող է դատական կարգով անվավեր ճանաչվել Կազմակերպության կամ մասնակցի (անդամի) դիմումի հիման վրա: Դիմումը կարող է տրվել 60 օրվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ Կազմակերպության անդամն իմացել է կամ պարտավոր էր իմանալ այդպիսի որոշման ընդունման մասին, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:
ՀՈԴՎԱԾ 23. ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆԸ ԵՎ ՆՐԱ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
1. Գործադիր մարմնին ընտրում է Ժողովը: Գործադիր մարմնի լիազորությունների ժամկետը չի կարող սահմանվել ավելի, քան հերթական Ժողովի գումարման` կանոնադրությամբ սահմանված պարբերականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ Կազմակերպության կանոնադրությամբ:
2. Գործադիր մարմնի իրավասությունները ներառում են Կազմակերպության ընթացիկ գործունեության կառավարման, ինչպես նաեւ Կազմակերպության կառավարման մարմինների գործունեությունն ապահովելուն ուղղված բոլոր հարցերը:
3. Գործադիր մարմինը Կազմակերպության կանոնադրությանը եւ Ժողովի որոշումներին համապատասխան`
1) ապահովում է Ժողովի կամ Կազմակերպության կոլեգիալ կառավարման այլ մարմինների որոշումների կատարումը.
2) կանոնադրությամբ սահմանված կարգով եւ չափով տնօրինում է Կազմակերպության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում Կազմակերպության անունից.
3) ներկայացնում է Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում եւ օտարերկրյա պետություններում.
4) տալիս է լիազորագրեր.
5) բանկերում բացում է Կազմակերպության հաշվարկային (այդ թվում` արտարժութային) եւ այլ հաշիվներ.
6) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, կատարման համար տալիս է պարտադիր ցուցումներ եւ վերահսկում դրանց կատարումը.
7) հաստատում է Կազմակերպության հաստիքացուցակը եւ տարեկան ծախսերի նախահաշիվը.
8) հաստատում է Կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը, այդ թվում` նրա առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ներքին կարգապահական եւ այլ կանոնները.
9) հաստատում է Կազմակերպության, ինչպես նաեւ նրա մարմինների հաշվետվությունները.
10) իրականացնում է օրենքով եւ Կազմակերպության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
4. Գործադիր մարմինն իր լիազորություններն իրականացնելիս Կազմակերպության անունից հանդես է գալիս առանց լիազորագրի:
5. Գործադիր մարմինը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` մարմնի ղեկավարը, կրում են օրենքով նախատեսված պատասխանատվություն օրենքների, իրավական այլ ակտերի, Կազմակերպության կանոնադրության, Ժողովի որոշումների կամ կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
ԳԼՈՒԽ 5
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈԴՎԱԾ 24. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
1. Կազմակերպությունը օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում ներկայացնում է գործունեության տարեկան հաշվետվություն:
2. Կազմակերպության գործունեության տարեկան հաշվետվությունը ներառում է հետեւյալ տեղեկատվությունը.
1) Կազմակերպության լրիվ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), գտնվելու վայրը (ենթակա է հրապարակման կազմակերպության կողմից համապատասխան նշման դեպքում), պետական գրանցման համարը, տարին, ամիսը, ամսաթիվը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը եւ պաշտոնական ինտերնետային կայքը (առկայության դեպքում).
2) գործադիր մարմնի ղեկավարի անունը եւ պաշտոնը.
3) կանոնադրությամբ սահմանված գործունեության առարկան եւ նպատակները.
4) Կազմակերպության անդամների (հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ), ինչպես նաեւ այն կամավորների (հաշվետու տարվա ընթացքում) թիվը, որոնց աշխատանքի տեւողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը.
5) հաշվետու տարվա ընթացքում գումարված ժողովների քանակը.
6) հաշվետու տարվա ընթացքում իրականացված ծրագրերի անվանումը եւ համառոտ նկարագրությունը (վայր, նպատակ, կարգավիճակ).
7) տարեկան մուտքերի (դրամական եւ (կամ) գույքային) ընդհանուր գումարը.
8) օգտագործված դրամական միջոցները եւ (կամ) շարժական, անշարժ գույքը.
9) հաշվետու տարվա ընթացքում Կազմակերպության կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու տեսակի եւ դրա արդյունքում ստացված շահույթի օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը:
3. Այն Կազմակերպությունները, որոնց գույքի ստացման աղբյուրը հաշվետու տարվա ընթացքում հանդիսացել են հանրային միջոցները (պետական կամ համայնքային միջոցները), ապա նրանց գործունեության տարեկան հաշվետվություններում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվությունից բացի, ներառում է`
1) հանրային դրամական միջոցներով իրականացվող ծրագրի անվանումն ու վայրը, ծրագրի կարգավիճակը (ավարտված կամ ընթացքի մեջ) եւ տեղեկատվություն դրանց մասին (նպատակ, հիմնական արդյունքներ).
2) հանրային դրամական միջոցների տարեկան մուտքերի (դրամական եւ (կամ) գույքային) ընդհանուր գումարը` ըստ ստացման աղբյուրների.
3) հանրային դրամական միջոցների եւ (կամ) տրամադրված գույքի օգտագործումը, ծախսերը:
4. Կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի` մինչեւ հաշվետու տարվան հաջորդող մայիսի 30-ը, Կազմակերպությունների կողմից հրապարակվող էլեկտրոնային հաշվետվությունների համար նախատեսված
համակարգի (այսուհետեւ` Համակարգ) անձնական էջում եւ իր պաշտոնական ինտերնետային կայքում (այդպիսին ունենալու դեպքում) հրապարակել գործունեության տարեկան հաշվետվությունը:
5. Կազմակերպությունը Համակարգի անձնական էջում սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը յուրաքանչյուր տարի չի լրացնում, իսկ դրանց վերաբերող փոփոխությունները ինքնաշխատ եղանակով թարմացվում են:
6. Կազմակերպությունների կողմից Համակարգի անձնական էջում հաշվետվությունը հաստատելու դեպքում, այն հրապարակվում է Պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության պաշտոնական ինտերնետային կայքում (www.taxservice.am), որը հասանելի է յուրաքանչյուրին:
7. Սույն հոդվածով նախատեսված հաշվետվության օրինակելի ձեւը, հրապարակման եւ ներկայացման կարգը հաստատում է Լիազոր մարմինը:
8. Սույն հոդվածով նախատեսված հաշվետվությունը պահպանվում է Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված ժամկետում, որը չի կարող հինգ տարուց պակաս լինել:
(24-րդ հոդվածը փոփ. 25.03.2020 ՀՕ-173-Ն օրենք)
(24-րդ հոդվածը փոփ` 12.10.2023 թվականից` 14.06.2023 ՀՕ-208-Ն օրենք)
ՀՈԴՎԱԾ 25. ՎԵՐՍՏՈՒԳՈՂ ՄԱՐՄԻՆԸ
1. Եթե Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսվում է վերստուգող մարմնի կազմավորում, ապա Կազմակերպության գործունեության եւ գույքի օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները Ժողովի կամ Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված կոլեգիալ կառավարման այլ մարմնի հաստատմանն են ներկայացվում դրանց վերաբերյալ վերստուգող մարմնի եզրակացության հետ միասին:
2. Վերստուգող մարմինն իրավասու է`
1) տարին մեկ անցկացնելու Կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության ստուգում.
2) ծանոթանալու Կազմակերպության գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերին եւ Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով պարտադիր քննարկման ենթակա առաջարկություններ ներկայացնելու նրա մարմիններին.
3) պահանջելու եւ ստանալու Կազմակերպության գործունեության վերաբերյալ տեղեկություններ.
4) իրականացնելու Կազմակերպության կանոնադրությամբ կամ Ժողովի որոշմամբ նախատեսված այլ լիազորություններ:
3. Սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված հաշվետվությանը կից ներկայացվում է վերստուգող մարմնի եզրակացությունը, որն առնվազն պարունակում է տվյալներ`
1) Կազմակերպության գույքի եւ ստացման աղբյուրների.
2) Կազմակերպության իրականացրած ծրագրերի եւ դրանց արդյունավետության.
3) ծրագրերի իրականացման ընթացքում ծախսված միջոցների վերաբերյալ:
ՀՈԴՎԱԾ 26. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՈՒԴԻՏԸ
1. Եթե Կազմակերպությունը հաշվետու տարվա ընթացքում պետական կամ համայնքային միջոցներից ֆինանսավորվել է 10 միլիոն եւ ավելի Հայաստանի Հանրապետության դրամի չափով, ապա այդ միջոցների օգտագործման վերաբերյալ Լիազոր մարմնի սահմանած հաշվետվությունը, որպես հատուկ նպատակի ֆինանսական հաշվետվություն, ենթակա է պարտադիր աուդիտի` “Աուդիտորական գործունեության մասին” օրենքի համաձայն:
2. Աուդիտորի եզրակացությունը սույն հոդվածի 1-ին մասում նշված հատուկ նպատակի ֆինանսական հաշվետվության հետ կցվում է սույն օրենքով սահմանված հաշվետվությանը:
(26-րդ հոդվածը փոփ. 04.12.2019 ՀՕ-286-Ն օրենք)
ՀՈԴՎԱԾ 27. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
1. Սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ օրենքով սահմանված կարգով վերահսկողությունն իրականացնում է Լիազոր մարմինը:
2. Կազմակերպության կողմից սույն օրենքի պահանջների այնպիսի խախտումներ հայտնաբերվելու դեպքում, որոնք կարող են վերացվել Կազմակերպության ձեռնարկած միջոցառումներով, Լիազոր մարմինը Կազմակերպությանն առաջարկում է խախտումները վերացնելու կարգն ու ժամկետները:
(27-րդ հոդվածը փոփ. 25.03.2020 ՀՕ-173-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 6
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈԴՎԱԾ 28. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԵՐԸ
1. Կազմակերպությունը, իր կանոնադրությանը համապատասխան, կարող է անդամակցել միջազգային եւ օտարերկրյա ոչ առեւտրային կազմակերպություններին եւ ունենալ միջազգային այլ կապեր:
2. Կազմակերպությունը, իր կանոնադրությանը համապատասխան, կարող է այլ պետություններում ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ` այդ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
ՀՈԴՎԱԾ 29. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
1. Սույն օրենքով Կազմակերպության գործունեությունը կանոնակարգող դրույթները տարածվում են նաեւ միջազգային կամ օտարերկրյա ոչ առեւտրային կազմակերպության` Հայաստանի Հանրապետությունում գործող առանձնացված ստորաբաժանումների գործունեության վրա:
2. Միջազգային կամ օտարերկրյա կազմակերպության` Հայաստանի Հանրապետությունում գործող առանձնացված ստորաբաժանումները չունեն իրավաբանական անձի կարգավիճակ, հաշվառվում են Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով եւ գործում են հիմնադրողի անունից ու նրա հաստատած կանոնադրության հիման վրա, որը չի կարող հակասել Հայաստանի Հանրապետության օրենքներին: Նրանց գործունեությունը կարող է դադարեցվել հիմնադրողի որոշմամբ կամ դատարանի վճռով` լիազոր մարմնի պահանջով, սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքի առկայության դեպքում:
ԳԼՈՒԽ 7
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
ՀՈԴՎԱԾ 30. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
1. Կազմակերպության վերակազմակերպման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենքով:
ՀՈԴՎԱԾ 31. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ
1. Կազմակերպության գործունեությունը կարող է որոշակի ժամկետով կասեցվել դատարանի որոշմամբ` Լիազոր մարմնի դիմումի հիման վրա: Լիազոր մարմնի դիմումը պետք է լինի պատճառաբանված` նշելով այն օրենքը կամ այլ իրավական ակտը, որի խախտումը հիմք է Կազմակերպության գործունեությունը կասեցնելու համար, եւ ներկայացնելով խախտման փաստը հաստատող ապացույցները:
2. Դատարանն իրավունք ունի կասեցնելու Կազմակերպության գործունեությունը, եթե`
1) Կազմակերպությունը թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում.
2) Կազմակերպություն հիմնադրող անձը կամ լիազորված անձը Կազմակերպությունը հիմնադրելիս թույլ է տվել օրենքի էական խախտում կամ կեղծիք:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի իմաստով` կոպիտ խախտում է համարվում`
1) սույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով եւ ժամկետներում խախտումները չվերացնելը.
2) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվության առավել խիստ միջոցը կիրառելուց հետո` երեսնօրյա ժամկետում, խախտումը չվերացնելը:
4. Սույն հոդվածի 2-րդ մասի իմաստով` էական խախտում է համարվում` Կազմակերպության հիմնադրման ժամանակ տեղի ունեցած այնպիսի խախտումը, որը եթե հայտնի լիներ հիմնադրման կամ պետական գրանցման պահին, ապա Կազմակերպությունը չէր հիմնադրվի կամ չէր գրանցվի:
5. Կասեցման հիմքերը վերացնելու նպատակով դատարանը սահմանում է ողջամիտ ժամկետ: Կազմակերպության կողմից կասեցման հիմքերը վերացվելու վերաբերյալ ապացույցները ներկայացվում են դատարան: Դատարանը որոշում է կայացնում Կազմակերպության գործունեությունը վերսկսելու մասին, եթե ներկայացված ապացույցների հիման վրա եզրահանգման է գալիս կասեցման հիմք հանդիսացող խախտումները վերացված լինելու մասին:
ՀՈԴՎԱԾ 32. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
1. Լիազոր մարմինը Կազմակերպության հարկադիր լուծարման պահանջով դիմում է դատարան, եթե`
1) Կազմակերպությունը գործունեության ընթացքում իրականացրել է սահմանադրական կարգը բռնի տապալելու կամ ատելություն բորբոքելու կամ բռնություն կամ պատերազմ քարոզելու գործողություն.
2) Կազմակերպության գործունեությունը սույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով կասեցվել է, եւ կասեցման ժամանակահատվածում կամ մեկ տարվա ընթացքում կասեցման հիմքը չի վերացվել:
2. Լիազոր մարմնի` Կազմակերպության հարկադիր լուծարման պահանջը պետք է լինի պատճառաբանված` նշելով այն օրենքը կամ այլ իրավական ակտը, որի խախտումը հիմք է Կազմակերպության լուծարման համար, եւ ներկայացնելով խախտման փաստը հաստատող ապացույցներ:
3. Կազմակերպությունը լուծարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, օրենքով սահմանված կարգով, ինչպես նաեւ սնանկության հետեւանքով:
4. Կազմակերպությունը լուծարվելու դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, դրա անհնարինության դեպքում դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Կառավարության, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
(32-րդ հոդվածը փոփ. 22.03.2022 ՀՕ-64-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 8
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 33. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել “Հասարակական կազմակերպությունների մասին” Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-268 օրենքը:
3. Մինչեւ սույն օրենքով նախատեսված` կազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքի շահագործումը, Կազմակերպությունների կողմից հաշվետվությունները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http://www.azdarar.am/):
4. Սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունիսի 1-ից:
16 հունվարի 2017 թվականի
ՀՕ-22-Ն